NEWS.am-ը կրճատումներում ներկայացրել է իսրայելական հասարակական կազմակերպության նախագահ Էմիլի Շրադերի՝ The Jerusalem Post-ում հրապարակված հոդվածը:
«Ադոլֆ Հիտլերը, ինչպես ենթադրում են, 1939-ին հայտարարել է. «Ի վերջո, հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածների մասին»: Ամենայն հավանականությամբ՝ անգիտակցաբար, բայց Հիտլերը կարևոր դաս է տվել, որը նույնքան արդիական է, որքան այն ժամանակ. չարիքին դիմակայելուց հրաժարվելը հնարավոր է դարձնում չարիքը: Այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դա մարդկության պատմության մութ էջն է, որի հետ, ցավոք, դեռ պետք է առերեսվենք: 100 տարի է անցել, սակայն դեռևս ոչ ոք օսմանցիներին և նրանց անմիջական ժառանգին՝ Թուրքիային, պատասխանատվության չի ենթարկել իրենց բարբարոսությունների համար: Ապշեցնում է, որ նույնիսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը մինչև հիմա չեն ճանաչում մարդկության պատմության այդ սարսափելի իրադարձությունը, որի ընթացքում հայ ժողովուրդը գրեթե ոչնչացվեց: Մենք հետ ենք նայում և ասում. «Ինչպե՞ս կարող էինք չիմանալ»: Եվ, ամեն դեպքում, վայրագությունները շարունակվում են ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ: Քանի որ մենք չենք ցանկանում ընդունել, որ չարիքը գոյություն ունի: Առավել ևս, որ մարդիկ չարիքի հակվածություն ունեն: Արդյո՞ք շատ է 100 տարի անց գերտերություններից ճանաչում ակնկալելը: Արդյո՞ք շատ է պահանջել, որ Թուրքիան, որն օրենքից դուրս է ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելը, պատասխանատվություն կրի մարդկության դեմ ամոթալի հանցագործության համար: Մեր իսկ սխալները բացահայտորեն ընդունելուց հրաժարվելը չարիքին թույլ է տալիս ծաղկել: Սակայն մենք կարող ենք պնդել այն հարցում, ինչը բարոյապես ճիշտ է՝ անկախ՝ անցյալի՞ն է վերաբերում, թե՞ ապագային: Չնայած մենք, հնարավոր է, չենք ցանկանում հավատալ, որ մեր օրերում և այս դարում որևէ մեկը կամ կառավարությունն ունակ են այդպիսի հանցագործության, մենք միշտ պետք է հիշենք, որ չարիքը միանգամայն իրական սպառնալիք է: Ավելի, քան կարող ենք պատկերացնել: Այդ վայրագությունը կանգնեցնելու, շտկելու համար նախ պետք է ճանաչենք այնպիսին, ինչպիսին կա՝ չարիք: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկենք մարդկության դեմ հանցագործության համար»: